Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը 4 տարվա պայմանագիր կնքեց Բունդեսլիգայի թիմի հետ

Հայաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը 2023/24 մրցաշրջանում հանդես կգա Բունդեսլիգայում: Մեր ընտրանու հարձակվողը 4 տարվա պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:

Գերմանական Kicker պարբերականի տարածած տեղեկության՝ 19-ամյա հայ ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել գերմանական ակումբում և նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։

Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։