Գագիկ Աղբալյան. «Եթե երկրպագուները ավելի շատ գան մարզադաշտ, ավելի հաճույք կստանան ֆուտբոլից»

«Պրոֆֆուտբոլը» զրուցել է ԲԿՄԱի տնօրեն Գագիկ Աղբալյանի հետ։

Պարոն Աղբալյան, ԲԿՄԱն հաղթեց «Վանին» 5-1 հաշվով: Սա առաջին հաղթանակն էր Հայաստանի առաջնությունում ԲԿՄԱի 4 գնդակի առավելությամբ և առաջին խաղն էր, որ 5 գոլ խփեցիք։ Սպասելի՞ էր նման արդյունքը։
Հանուն արդարության նշենք, որ «Վանը» տասը ֆուտբոլիստով մնաց։ Եթե տասնմեկը տասնմեկի դեմ խաղային, չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կգրանցվեր, քանի որ Հայաստանի առաջնության թիմերը բավականին լավ են մրցակցում։ Զգացողություն ունեի խաղի ընթացքում, որ մենք պետք է 3 միավոր վերցնենք։ Խաղն էլ այնպես էր ընթանում, որ ֆուտբոլիստները կարողանում էին մարզչի առաջադրանքները կատարել։ ԲԿՄԱն այդ օրը ուժեղ էր։ Պետք չէ կենտրոնանալ, որ 4 գնդակի առավելությամբ ենք հաղթել, քանի որ կարևորը հաղթանակն է։ Այն տալիս է 3 միավոր և շատ մեծ մոտիվացիա։ Այս հաղթանակը թիմին մոտիվացնում է հաջորդ տուրից առաջ։

Հայաստանի առաջնության չեմպիոնական մրցավազքի մասին ի՞նչ կասեք, ինչպիսի՞ն կլինի պատկերը առաջին երեք հորիզոնականների մրցաշրջանի վերջնարդյունքում։
Կանխատեսումներ չեմ սիրում անել, սակայն կարող եմ ասել, որ հետապնդող թիմերի համար ավելի հեշտ է։ Առաջատարի համար առաջին տեղը ներքին հոգեբանական խնդիրներ է ստեղծում և՛ ֆուտբոլիստների, և՛ մարզիչների համար։ Թիմերը կրնկակոխ հետևում են, և այս է նաև պատճառը, որ միավորների տարբերությունը քչացել է։ Առաջնությունը ինձ դուր է գալիս իր մրցակցությամբ, անկանխատեսելիությամբ, ուղղակի եթե երկրպագուները ավելի շատ գան մարզադաշտ, ավելի հաճույք կստանան ֆուտբոլից, և ֆուտբոլիստներն էլ երկրպագուներից։ Իրոք որ լարվածություն կա մրցանակային տեղերի համար, սպասենք։

— Չեմպիոնների Լիգայի ու Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին ի՞նչ կասեք։
Անկեղծ ասած՝ կուզեմ խոսել Հենրիխի արդյունքների մասին։ Բոլորին պարզ է, որ Հենրիխը հայկական ֆուտբոլի բացառիկ, ինքնակազմակերպվող, պրոֆեսիոնալ ու կարգապահ ֆուտբոլիստներից մեկն է։ Շատ ափսոս, որ Հենրիխն այս պահին չի ներկայացնում մեր ընտրանին։ Ես նրան սրտանց հաջողություն եմ մաղթում։ Ինչ մնում է կիսաեզրափակչին, անկեղծ ասած՝ զբաղվածությունը հայկական ֆուտբոլում ու ԲԿՄԱում հնարավորություն չի տալիս վերլուծել ինձ համար կամ մամուլի համար, սակայն որոշ չափով հետևում եմ պրոցեսներին ու հանդիպումներին։