Արթուր Ոսկանյան. «Համոզված եմ, որ դիտարժան խաղ է լինելու»

«Պրոֆֆուտբոլը» զրուցել է ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիա տեխիկական տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ.

— Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում երեք թիմ պայքարում է չեմպիոնության համար։ Ի՞նչ սպասելիքներ կան։
Շատ հետաքրքիր ու դիտարժան է այս հատվածը։ Ներկա էի «Ուրարտու» – «ԱրարատԱրմենիա» խաղին, առաջնության ամենադրամատիկ խաղերից մեկն էր։ Կարելի է ասել, որ առաջնության լավագույն խաղերից մեկն էր, եթե ոչ ամենալավը։ Ուրախալի էր, որ այդ խաղում գոլերի մեծ մասը հայերը խփեցին, մանավանդ երիտասարդները՝ Արթուր Սերոբյանը, Նարեկ Գրիգորյանը։ Այս հատվածում խաղերը 6 միավորանոց են։

Մայիսին Հայաստանի գավաթի եզրափակիչն է՝ «Ուրարտու» – «Շիրակ»։ Ի՞նչ եք սպասում այդ դիմակայությունից, ո՞վ է ֆավորիտը։
Համոզված եմ, որ դիտարժան խաղ է լինելու։ «Ուրարտուն» գրեթե ապահովել է տեղը Եվրագավաթում, մնում է իմանալ, թե որ հորիզոնականում կլինի։ Ամեն դեպքում գավաթային եզրափակիչն է, ու ամեն ինչ կանեն՝ հաղթելու համար, սակայն ցանկությունն այդ խաղում ավելի մեծ կլինի «Շիրակի» մոտ, քանի որ առաջնությունում նրանք այլևս ոչինչ չունեն անելու։ Սա նրանց համար տարվա խաղ է լինելու։ «Շիրակը» ապացուցել է, որ կարևորագույն խաղերում կարողանում է տրամադրվել, օրինակ՝ գավաթի կիսաեզրափակչում «Փյունիկի» դեմ։ Դժվար է ասել, թե որ թիմն է ֆավորիտ, մանավանդ, նման խաղում։ Օրինակ, նախորդ տարի ոչ մեկը չէր հավատում, որ «Նորավանքը» կարող է հաղթել գավաթում։ Անսպասելի էր այն բոլորի համար։

Ի՞նչ կասեք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի զույգերի մասին, ու, ըստ Ձեզ, ո՞ր թիմը կհաղթի։
Չորս թիմերի հնարավորություններն էլ մեծ են։ Պարզ է, որ ցանկանում եմ՝ «Ինտերը» հաջողության հասնի։ Բոլոր թիմերը հավասարազոր են։ «Ռեալը» ներկայիս չեմպիոնն է ու նախորդ տարի ապացուցեց, որ բոլոր թիմերին կարող է հաղթել։ «Սիթին» պետք է ապացուցի, որ նախորդ տարի պատահականություն է եղել։ «Ինտեր» – «Միլան» խաղը քաղաքի համար դերբի է։ Համոզված եմ, որ «Ինտերն» առաջնությունում կարևոր անելիք չունի։ Կենտրոնացած են Չեմպիոնների Լիգայի վրա։ Ցանկությունս մեծ է, որ հաղթի «Ինտերը»։