Էմերսոն Ռոյալի հայրը՝ Էմերսոն Զուլուն, ցանկանում է իր որդուն տեսնել Մադրիդի «Ռեալում»

«Թոթենհեմի» ֆուտբոլիստ Էմերսոն Ռոյալի հայրը՝ Էմերսոն Զուլուն, խոսել է որդու կարիերան շարունակելու տարբերակների մասին։

«Մեծ հավանականություն կա, որ Էմերսոնը կհեռանա «Թոթենհեմից»։ Կարծում ենք՝ ժամանակն է, որ նա ավելի մեծ թռիչք կատարի ու տեղափոխվի թիմ, որը պայքարում է տիտղոսների համար։ Կարծում եմ, որ նա սազում է այնպիսի ակումբներին, ինչպիսին «Ռեալն» է»,- Էմերսոնի խոսքերը մեջբերում է Zulu Charla Podcast-ը։

Նշենք, որ 24-ամյա Էմերսոն Ռոյալը «Թոթենհեմ» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2021 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։