Ուեյն Ռունի. «Էրլինգ Հոլանդն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին իր հիացմունքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ և նրան անվանել այս մրցաշրջանում «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը։

«Էրլինգ Հոլանդն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Լիոնել Մեսսին մեծագույնն է, բայց այս օրերին ոչ ոք ավելի լավ չի խաղում, քան Հոլանդը։

Նա աշխարհում լավագույնն է վիճակագրության, խաղի մակարդակի և մտածելակերպի շնորհիվ։ Եթե ​​խոսենք այն մասին, թե ով կստանա «Ոսկե գնդակը», ապա դա պետք է լինի Հոլանդը՝ պայմանով, որ նա պահպանի իր ներկայիս մարզավիճակը», – Ռունիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Հոլանդը բոլոր մրցաշարերում թիմում անցկացրած 42 խաղում դարձել է 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։