Գագիկ Աղբալյան․ «Ազգային հավաքականի ամեն հաղթանակ դրական է ազդում իմ կյանքի որակի վրա»

PROFFOOTBALL-ը զրուցել է ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանի հետ։

– Պարոն Աղբալյան, ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներից հետո։
– Երկրպագուների արձագանքը չափից շատ որոշիչ էր։ Հավաքականը իսկապես խաղաց հանդիսատեսի համար։ Չնայած Թուրքիայից կրած պարտությանն ու Կիպրոսի հետ գրանցած ոչ-ոքիին՝ հայ ժողովուրդը գոհ էր հավաքականից։ Ես էլ՝ որպես մեր ընտրանու սովորական երկրպագու, գոհ էի ընդհանուր խաղից։ Երևում էր, որ նոր մարզչական շտաբի աշխատանքը բավականին շատ բան է փոխել հավաքականում՝ տակտիկական, կարգապահական, ֆուտբոլիստների մոտեցման առումով։ Ես տեղյակ չեմ, թե վարագույրներից այն կողմ ինչ է տեղի ունենում, սակայն որոշ արձագանքներ են հասնում, որից կարելի է ենթադրել՝ մեծ պրոֆեսիոնալ է աշխատում, և մեր տղաները հարգում են նրա ներկայությունը։ Ես շփվել եմ Ալեքսանդր Պետրակովի հետ։ Նա բավականին խարզիմատիկ, խստապահանջ մարդ է, ով ազդում է ֆուտբոլիստների թե՛ մոտիվացիայի, թե՛ տրամադրվածության վրա, և, ինչպես տեսնում ենք, թե՛ խաղային արդյունքի վրա։ Ես հավաքականի այն երկրպագուներից եմ, ում համար կարևոր չէ խաղային հաշիվը։

Ազգային հավաքականը ինձ համար մի արժեք է, որի ամեն հաղթանակը դրական է ազդում իմ կյանքի որակի վրա։ Ես, սակայն, պարտություններից ողբերգություն չեմ սարքում։ Կարևոր է, թե ինչպես ենք մենք հանդես գալիս։ Ինձ համար էական է, երբ մենք արժանի մրցակից ենք դիտվում։

– Ի՞նչ կասեք հավաքականի նորեկների մասին և հատկապես Հրանտ Լեոն-Ռանոսի։
– Ես կսկսեմ Գեորգի Հարությունյանից։ Նա ինձ ավելի շատ է զարմացրել։ Այդքան երիտասարդ տարիքում այդքան սառնասիրտ, գրագետ, կազմակերպված խաղալ պաշտպանությունում, ես կանխատեսում եմ, որ Գրիշան, ինչպես իրեն սիրում են ասել, շատ լավ ապագա ունի։ Ես նույնսիկ մի քանի անգամ ասել եմ, որ նա կարող է աստղ դառնալ։

Ճիշտն ասած՝ զարմացած եմ, որ Հրանտը Ռեգիոնալլիագյում է խաղում։ Ես համոզված եմ, որ նա հավաքականի միջոցով նաև, արժանի թիմ կգտնի իրեն։ Ես ուզում եմ Նաիր Տիկնիզյանի մեջ հավաքականի լիդերի տեսնել այսօր կամ մոտ ապագայում։ Նա բոլոր որակներն ունի, զգացվում է, որ նա տաքարյուն, առանձնահատուկ ֆուտբոլիստ է։ Նաև նկատվում է, որ նա ամբողջ եռանդով է խաղում հավաքականում։

Ժիրայր Շաղոյանն ու Արթուր Սերոբյանը նորեկ չեն, սակայն ես վստահ եմ, որ նրանք դեռ շատ հանդիպումներ են անցկացնելու հավաքականում, և նրանք նույնպես լինելու են հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ։

– ԲԿՄԱ-ի նպատակը մեր նախորդ զրույցում նշեցիք, որ շատ միավորներ վաստակելն ու ավելի բարձր տեղեր զբաղեցնելն է։ Ի՞նչ կասեք ԲԿՄԱ-ի՝ գալիք մրցաշրջանի նպատակների և այս մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքի մասին։
– Ես հիշում եմ, որ 2019/20 մրցաշրջանում «Նոան» զգալի միավորներով զիջում էր, բայց մրցաշրջանի վերջին հատվածում թիմը կարողացավ առաջ անցնել շատ թիմերից։ Այս մրցաշրջանում «Ուրարտուն» կայուն խաղ է ցույց տալիս, «Փյունիկն» էլ իր հերթին, «Ալաշկերտը» միավորներ կորցրեց, իսկ «Արարատ-Արմենիան» հավակնորդ է, բայց զգացողություն ունեմ, որ «Ուրարտուն» բաց չի թողնի իր հնարավորություն։

Խոսենք դեռ այս մրցաշրջանի մասին։ Անկախ նրանից, թե ԲԿՄԱ-ն որ հորիզոնականը կզբաղեցնի՝ մենք մրցակիցների համար մրցակցային ենք։ Սա ասում են նաև մրցակից թիմերի մարզչական շտաբները։ Մենք հարգում ենք մեր աշխատանքը և արդյունքը, որը բերում ենք մեր աշխատանքով։ ԲԿՄԱ-ում շատ ֆուտբոլիստներ կան, որոնք մրցաշրջանի ավարտից հետո կարող են ավելի ուժեղ թիմեր տեղափոխվել։ Մի փոքրիկ գաղտնիք ասեմ։ Ձմեռային դադարի ընթացքում որոշ ֆուտբոլիստներ առաջարկներ ունեին հայկական ակումբներից։ Մենք խնդրել ենք նրանց, և Ռաֆայել Նազարյանը խոսել է նրանց հետ, նրանք, հարգելով ակումբի աշխատանքը, իրենց կենսագրությունը ԲԿՄԱ-ում, ընդառաջել ու մնացել են ԲԿՄԱ-ում։ Եկեք հաշվի առնենք, որ մենք չենք վճարում այն ֆուտբոլիստներին, ովքեր զինծառայող են կամ ինչ-որ սիմվոլիկ աշխատավարձ ենք տալիս, և այդ պայմաններում երբ նրանք ունեին գումար աշխատելու հնարավորություն, մնացել են ԲԿՄԱ-ում։

Կսպասենք, թե հաջորդ մրցաշրջանի համար ինչ որոշում կլինի ֆեդերացիայում, ԲԿՄԱ-ն քանի թիմով է հանդես գալու, ֆորմատի փոփոխություն լինելու է, թե ոչ։ Ֆորամտի գաղափարից պարզ կլինի՝ մենք ինչպես ենք համալրվում։