Ակումբային ֆուտբոլի այսօրվա թեժ դիմակայությունները

Միջազգային ընդմիջումից հետո ակումբային հանդիպումները վերադառնում են։ Շաբաթ օրը թեժ հանդիպումների կարող ենք հետևել, իսկ որո՞նք են դրանք և ի՞նչ ինտրիգներ կան։

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ», 15։30

Պեպ Գվարդիոլայի թիմը շատ դժվարին խաղ ունի անցկացնելու «Լիվերպուլի» դեմ։ Մանչեսթերյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել «Արսենալից» և այժմ նրանցից հետ է մնում 8 միավորով, և միավորի կորուստը կարող է անդառնալի լինել Պեպի համար։ Չեմպիոնների Լիգայում էլ նրա թիմը մրցելու է ահեղ «Բավարիայի» դեմ։ «Լիվերպուլն» էլ իր հերթին կարող է հաղթել ու կտրուկ մոտենալ «Նյուքասլին», որը մրցելու է «Արսենալի» դեմ։ Լիվերպուլից հանդիպմանը չեն մասնակցի մեծ թվով ֆուտբոլիստներ։ Լուիս Դիասի մասնակցությունը ևս հարցականի տակ է։ Մանչեսթերյան թիմից հանդիպմանը չի մասնակցի Ֆիլ Ֆոդենը, իսկ Էրլինգ Հոլանդի մասնակցությունը հարցականի տակ է։ Այս հանդիպումը թեժ մթնոլորտում է անցնելու։ Վերջին խաղում «Լիվերպուլը» 2։3 հաշվով զիջեց Պեպի թիմին, իսկ այս անգամ մեծ մոտիվացիայով է մոտենում դիմակայությանը։

«Ինտեր» – «Ֆիորենտինա», 20։00

Իտալական ֆուտբոլում այս շաբաթ շատ ուժեղ դիմակայություն կա՝ ի դեմս «Նապոլի» – «Միլան» հանդիպման, սակայն այս մեկը ևս չի զիջում իր հետաքրքրությամբ։ Չմոռանանք, որ թիմերի միջև վերջին հանդիպումը ավարտվեց Հենրիխ Մխիթարյանի՝ վերջին րոպեին խփած հաղթական գոլով։ Այդ խաղում միլանյան թիմը հաղթեց 3։4 հաշվով։ «Ինտերը» չեմպիոնական պայքարում ոչինչ չունի անելու, ինչպես մյուս իտալական ակումբները, քանի որ «Նապոլին» գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Լացիոյին» 19 միավորով։ «Ֆիորենտինան» էլ իր հերթին անընդմեջ հաղթանակի փայլուն ցուցանիշ ունի։ Նրանք 8 խաղ անընդմեջ հաղթում են և 10 խաղ անընդմեջ պարտություն չեն կրել։ Հաղթանակի դեպքում նրանք կարող են ընդհուպ մոտենալ «Յուվենտուսին», որը այս պահին մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում է։ 

«Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ», 20։30

Գերմանական ֆուտբոլի երկու գիգանտները պայքարում են այս պահին չեմպիոնության համար։ Դորտմունդյան թիմը այս պահին գերազանցում է «Բավարիային» 1 միավորով։ Էդին Տերզիչի թիմը, եթե հաղթի այս խաղում, կարող է պոկվել «Բավարիայից»։ Հանդիպումը համ ու հոտ է ստանում նաև այն հանգամանքի շնորհիվ, որ «Բավարիան» վերջերս նոր մարզիչ նշանակեց «Դորտմունդի Բորուսիան» նախկինում մարզած Թոմաս Տուխելին։ Առաջին հանդիպումը «Ալյանց Արենյաում» է ու այն էլ նման կարևոր խաղում։ Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ «Բավարիան» այս պահին ունի վնասվածք ունեցող հարձակվողներ, իսկ վերջերս Հրանտ Լեոն-Ռանոսի մասին խոսակցությունների ֆոնին կարող ենք դիտարկել, որ նա կարող է հայտնվել մյունխենյան գրանդի հայտացուցակում։ Այս առումով խաղը էլ ավելի է հետաքրքրանալու։