Ո՞ր դիրքերում են պետք հավաքականին թարմացումներ և ովքե՞ր կարող են լինել նրանք

Հայաստանի ազգային հավաքականն իր հանդիպումներն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզչի գլխավորությամբ։ Ալեքսանդր Պետրակովի խաղային ձեռագիրը կարելի է ասել, որ պարզ դարձավ։ Մեր հավաքականը երկու հանդիպում անցկացրեց ու հնարավոր է որոշակի հետևություններ անել այդ հանդիպումներից, հասկանալ, թե ինչ բացթողումներ եղան ու ինչպես կարելի է դրանք լուծել։

Հայաստանի ազգային հավաքականը երկու հանդիպումներում 4 գնդակ բաց թողեց սեփական դարպասը։ Երկուական գնդակ բաց թողեցին դարպասապահներ Արսեն Բեգլարյանն ու Ստանիսլավ Բուչնևը։ Նախևառաջ, Թուրքիայի դեմ խաղից խոսելիս պետք է նշենք, որ երկու գոլերում էլ Բեգլարյանը որևէ մեղավորություն չուներ, և խաղում այնպիսի դրվագներ չկային, որոնցով կարող ես դատել նրա լավ կամ վատ խաղը։ Թուրքիայի դեմ առաջին գոլի դրվագում մեր հենակետայինները սխալ էին դասավորվել, իսկ երկրորդ գոլի դրվագում Բեգլարյանն անզոր էր։

«Փյունիկի» դարպասապահ Բուչնևը Կիպրոսի դեմ խաղի մեկնարկային կազմում էր ու ամբողջական հանդիպում անցկացրեց։ Առաջին գոլի դրվագում Բուչնևը չէր կարող փրկել մեր հավաքականին, իսկ բաց թողած երկրորդ գոլի դրվագում մեր դաարպասապահը պարզապես գոլ նվիրեց կիպրոսցիներին։ Ռոման Բերեզովսկուց հետո մեր հավաքականը էտապներով է լավ դարպասապահ ունեցել՝ նույն Արսեն Բեգլարյանը, Արամ Հայրապետյանը, Յուրչենկոն։ Պետրակովը Կիպրոսի դեմ հետխաղային ասուլիսին հայտնեց, որ մարզչական շտաբը հետևում է Բրազիլիայում հանդես եկող երիտասարդ դարպասապահի։ Գուցե, Պետրակովը նկատի ուներ «Գրեմիոյի» Մ20 տարեկանների թիմում հանդես եկող Արթուր Կոնեղլյանին։ Դարպասապահը ընդամենը 18 տարեկան է, սակայն նրան դիտարկել որպես համար առաջին, այս պահին սխալ կլինի։ 

Այս երկու հանդիպումներին մեր հավաքականը կենտրոնական պաշտպանի լուրջ խնդիրներով մոտեցավ։ Չալըշըրը մինչ հանդիպումը վնասվածք ստացավ, Ստյոպա Մկրտչյանը վնասվածքով էր միացել հավաքականին, իսկ Թուրքիայի դեմ խաղում Տարոն Ոսկանյանը վնասվածք ստացավ։ Այո՛, Հարոյանը փայլուն առաջատար է ոչ միայն պաշտպանության, այլև ամբողջ թիմի համար, սակայն նրա կողքին մեկ այլ կենտրոնական պաշտպան է հարկավոր։ Հանդիպումներում նկատվում էր, որ մեր ընտրանին գրեթե միշտ զիջում էր երկրորդ հարկում։ Այս առումով աչք էր ծակում Գեորգի Հարությունյանը, որը իր առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում։ Նա հաղթում էր գրեթե բոլոր օդային մենապայքարներում։ Ստյոպա կԿրտչյանը դեռևս էմոցիոնալ է։ Պետրակովի դավանած սխեմայում մեզ 3 կենտրոնական պաշտպաններ են պետք։ Գեորգի Հարությունյանը Հարոյանի հետ ամուր զույգ կարող է կազմել, իսկ նրանց կողքին կարող է լինել Արման Ղազարյանը, որը «Ուրարտուի» կազմում հիմնական խաղացող է, և նախորդ հավաքին ևս հրավիրվել էր։ Նրա ուժեղ կողմերից մեկը հենց բարձր հասակն է, որը մեր հավաքականին այս պահին չափազանց հարկավոր է։ 

Մեկ այլ խնդիր է նաև հենակետային գոտին։ Ուգուչուկվու Իվուն փայլուն ընդգրկվեց թիմին։ Շուրջ 1 ամիս ֆուտբոլ չխաղալուց հետո Իվուն երկու ամբողջական հանդիպում անցկացրեց։ Սա փաստում է, որ նա հիմնական կազմի խաղացող է լինելու Պետրակովի թիմում։ Նրա կողքին խաղում էր Էդուարդ Սպերցյանը, ով իրեն հոգեհարազատ դիրքում չէր գործում։ Ուդոն, Անգուլոն և Արտակ Գրիգորյանը բավականին մեծ են, իսկ Պետրակովը թիմը երիտասարդեցնում է։ Հրաշալի տարբերակ կլինի այդ դիրքում տեսնել Ալեքսանդր Կովալենկոյին, ով «Կռիլյա Սովետովի» կազմի հիմնական ֆուտբոլիստ է։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 2.5 մլն եվրո։ 19-ամյա կիսապաշտպանը կարող է նոր ուժ ու թարմություն մտցնել մեր հավաքականում, ինչը հնարավորություն կտա Էդուարդ Սպերցյանին ավելի առջևից գործել։ «Ուրարտուի» կազմում Նարեկ Աղասարյանի տարբերակը ևս պետք չէ բացառել։

Հարձակման գծում՝ հատկապես եզրերում, մեր հավաքականը խնդիրներ ունեցավ։ Տիգրան Բարսեղյանն իր լավագույն հանդիպումները չանցկացրեց հավաքականում։ Խորեն Բայրամյանը չտպավորեց ոչնչով, Էդգար Բաբայանը խաղաժամանակ չստացավ, իսկ Ժիրայր Շաղոյանն ու Արթուր Սերոբյանը դեռևս հարմարվելու փուլում են, սակայն նրանք չստացան բավարար խաղաժամանակ՝ իրենց ամբողջ խաղը ցուցադրելու համար։ Արթուր Գալոյանը այս առումով բավականին լավ տարբերակ է, ով արդեն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է։ Չմոռանանք նաև Էդուարդ Բագրինցևի մասին, ով ԲԿՄԱ-ի սան է եղել ու այժմ Սլովակիայի երկրորդ լիգայի «Դուբնիցա» ակումբում է հանդես գալիս։ 

Մեր հավաքականը բավականին աշխույժ ու տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց։ Նորեկները փայլուն գործեցին, որոնց մասին ևս պետք է խոսել ու հասկանալ նրանց թույլ և ուժեղ կողմերը ու թե ինչ կարող են նրանք տալ մեր հավաքականին։