Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ-ոքի արդյունքը կհամարեմ հաջողություն»

PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի հավաքականի և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։

– Ընդամենը մի քանի օր անց Հայաստանը տանը մրցելու է Թուրքիայի դեմ։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։
– Պետք է քաղաքական ենթատեքստ չունենա այս հանդիպումը, քանի որ դա հնարավորություն կտա ավելի լավ պատրաստվել այս խաղին։ Եթե կան մարդիկ, ովքեր քաղաքական ենթատեքստ են տալիս այս խաղին, նրանց պետք է հեռու պահել հավաքականից։ 

– Դուք մարզել եք նաև Հայաստանի հավաքականը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք անել, որպեսզի հաղթանակի հասնենք այս խաղում։
– Բոլորը հաղթանակի սպասումով են մոտենում այս խաղին։ Սա ևս կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ խաղի վրա։ Մարզիչը նոր է գլխավորել հավաքականը, ու բարդ է լինելու նրա համար, և երկրորդն էլ՝ մեր հավաքականը շատ է երիտասարդացել։ Ես սա դրական եմ համարում, չնայած որ այս քայլը պետք է ավելի շուտ լիներ։ 

Բնականաբար, բոլորս սպասում ենք, որ մեր հավաքականը լավ ելույթ ունենա։ Նորից եմ կրկնում, որ պետք չէ լոզունգներով մոտենալ այս խաղին՝ «միայն հաղթանակի» սպասումով։ Ինչ լինի, ճնշումը մեծ է լինելու։ Կարծում եմ, որ անգամ ոչ-ոքի արդյունքն էլ մեզ համար առաջին քայլը կլինի դեպի դրական ապագան։

– Ալեքսանդր Պետրակովն առաջիկա խաղի համար նորեկների է հրավիրել թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։ Ի՞նչ կասեք նրանց մասին։
– Մեր ընտրությունը սահմանափակ է։ Քանի որ սա առաջին խաղն է, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես հավաքականը պատրաստ կլինի այդ խաղին, այսինքն մենք կտեսնենք մարտունակ հավաքական, սակայն, եթե նայենք պրոֆեսիոնալի աչքերով, ու քանի որ ավելի խորը գիտենք մեր հավաքականը, ոչ-ոքի արդյունքը կհամարեմ հաջողություն։ 

– Ի՞նչ կուզեք մաղթել մեր հավաքականին։
– Միմիայն հաջողություն։ Կարծում եմ՝ ոչ միայն ես, այլ ամբողջ հայ ազգն է մաղթում։ Նշեցի, որ հավաքականը 80%-ով փոխվել է։ Ճանապարհը երկար է, ու ոչ թե ես կամ այլ մեկը գիտի կողքից, թե ինչ աշխատանք պետք է անել, այլ հենց գլխավոր մարզիչն ու նրա մարզչական շտաբը։ Մենք հավաքականի կողքին են։ Կավելացնեմ նաև մեկ բան։ Ես վստահ գիտեմ, թե որքան մեծ ծավալի աշխատանք է կատարում ՀՖՖ-ն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, այսինքն՝ չկա որևէ մանրուք, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիան չանի հավաքականի համար։ Հաջողություն եմ մաղթում թե՛ մեր ֆուտբոլիստներին, թե՛ գլխավոր մարզչին ու թե՛ ամբողջ հայ ազգին։