Հարություն Մովսիսյան․ «Մեր ֆուտբոլիստները շատ լավն են»

PROFFOOTBALL-ը զրուցել է բոլորի կողմից սիրված և հարգված դերասան Հարություն Մովսիսյանի հետ։

– Պարոն Մովսիսյան, սիրո՞ւմ եք ֆուտբոլ կամ Ձեր առօրյայում որքա՞ն կարևոր է այն։
– Ես 8 տարի ֆուտբոլ եմ պարապել՝ 7 տարեկանից մինչև 15 տարեկան։ Շատ եմ սիրում ֆուտբոլը։ 

– Ներկա լինելո՞ւ եք Հայաստան – Թուրքիա հանդիպմանը կամ դիտելու եք։
– Վերջին ժամանակներում ներկայացումները շատ են, չեմ հասցնում հետևել ֆուտբոլային հանդիպումներին։ 

– Իսկ ի՞նչ ակնկալիք ունեք մեր հավաքականից։
– Մեր ֆուտբոլիստները շատ լավն են։ Ինձ անընդհատ մեկ բան է մտահոգում։ Նրանց մեջ պետք է մտցվի լավը լինելու գիտակցումը, որ նրանք իմանան՝ լավ ֆուտբոլիստներ են, նրանք բոլորը ֆիզիկապես ուժեղ են, բայց հոգեբանական զրույցներ են հարկավոր նրանց հետ։ 

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հաշիվ կգրանցվի այդ խաղում։
– Կարծում եմ, որ խաղաղ ելք կունենա հանդիպումը։ Այսպես եմ կարծում, իսկ թե ոնց կդասավորվի հանդիպումը, չեմ կարող ասել։ 

– Եվ վերջում․ ի՞նչ կմաղթեք մեր հավաքականին առաջիկա խաղից առաջ։
– Մաղթում եմ միշտ հաղթանակ։ Անգամ եթե պարտություն է լինում, պետք է իրական պարտություն լինի։ Ուզում եմ, որ նրանք վստահեն իրենց ուժերին, քանի որ կարծում եմ՝ նրանք մտածում են, թե երկրորդական մարդ են, սակայն ոչ, միանշանակ այդպես չէ ու չի կարող լինել։ Հայաստանը ֆուտբոլային երկիր է, ֆուտբոլ սիրող երկիր է։ Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ենք ունեցել։ Ես այնպիսի ֆուտբոլիստներ եմ տեսել, ինչպիսիք են Վալտեր Անտոյանը, Սերգեյ Զատիկյանը, Սարգիս Հովիվյանը, Մանուկ Սեմերջյանը և այլն։ Նրանք ժամանակին ֆանտաստիկ ֆուտբոլիստներ էին։

Ուզում եմ, որ անընդհատ հաղթանակներ լինեն մեր մեջ, մեր հոգու մեջ։ Ու թող միշտ լինի հպարտությունը, անգամ պարտվելու դեպքում։ «Արարատ-73-ի» ամբողջ գաղտնիքը դա էր։ Նրանք հպարտ էին, նրանք վստահ էին, որ հաղթելու են։ Այդ օրը մեր թիմին մաղթում եմ հաղթանակ։