Ֆրենկի դե Յոնգ. «Մենք կարող ենք հաղթել «Ռեալին»»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում իր թիմի հաղթանակի հնարավորությունների մասին։

«Մանկուց երազել եմ Կլասիկոյում խաղալ «Բարսելոնայի» կազմում։ Մադրիդի «Ռեալն» ունի որակյալ ֆուտբոլիստներ, նրանք գործում են որպես թիմ և միշտ լավ են հանդես գալիս։ Մադրիդը դժվար է չեզոքացնել, բայց մենք կփորձենք։

Մեր նպատակը Կլասիկոն հաղթելն է։ Սա ֆուտբոլի ամենակարևոր հանդիպումն է, ամենակարևորը թե՛ «Բարսելոնայի» երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների համար։ Ինչո՞ւ է այդպես։ Դժվար է բացատրել, բայց մանկուց ես միշտ երազել եմ Կլասիկոյում խաղալ «Բարսելոնայի» կազմում: Այս խաղում հաղթելն ինձ շատ կուրախացնի, ես բառացիորեն վառվում եմ խաղալու ցանկությունից»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում Լա լիգայի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 19-ին, Երևանի ժամանակով 23:55-ին։