Հայաստանի հավաքականի հայտացուցակի հետքերով

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին մրցելու է Թուրքիայի հավաքականի դեմ։ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը այսօր հայտարարեց այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մասնակցելու են առաջիկա հանդիպումներին։ Եկեք հասկանանք, թե ով ինչ մարզավիճակով է միանալու հավաքին։

Պետրակովը դարպասապահի դիրքի համար հրավիրել է Ստանիսլավ Բուչնևին, Արսեն Բեգլարյանին և Արման Ներսեսյանին։ Ստանիսլավ Բուչնևը «Փյունիկի» կազմում անցկացրել է 18 հանդիպում և համեմատաբար լավ ցուցանիշ ունի։ Վերջին 5 խաղում նա ընդամենը 2 գնդակ է բաց թողել սեփական դարպասը։ Արսեն Բեգլարյանը «Ուրարտուում» շատ ավելի փայլուն մարզավիճակում է։ Նա իր վերջին 4 խաղերում գնդակ բաց չի թողել և հավաքականին շատ լավ մարզավիճակում է միանում։ 21-ամյա Արման Ներսեսյանն էլ ԲԿՄԱ-ի կազմում այս տարի ընդամենը 3 հանդիպում է անցկացրել, սակայն ասել, որ նա խաղային տոնուսում է, սխալ կլինի։ Սակայն, Ալեքսանդր Պետրակովը ակնարկեց, որ Արման Ներսեսյանի խաղին կհետևեն և կհասկանան, թե ով կլինի առաջիկա խաղերում մեր դարպասապահը։

Պաշտպանությունում կան խնդիրներ, որոնց մասին անձամբ Պետրակովն էլ ասաց, սակայն քննարկենք, թե ովքեր են եկել ու ինչ կարող ենք տեսնել։ Թիմի ավագ Վարազդատ Հարոյանը վերջին 2 խաղերում պահեստայինների նստարանին է եղել, իսկ վերջին անգամ դաշտ է դուրս եկել մարտի 2-ին Կիպրոսի գավաթի խաղարկությունում, սակայն, մասնակցել է միայն առաջին խաղակեսին։ Անդրե Չալըշըրը «Բրոմապոյկարնա» տեղափոխվելուց հետո 3 ամբողջական հանդիպման է մասնակցել։ Նա կարող է լինել հենց մեկնարկային կազմում Հարոյանի հետ։ Նրանք խաղակցված զույգ են։ 

Կամո Հովհաննիսյանը երկար դադարից հետո վերադարձավ խաղադաշտ։ «Աստանայի» կազմում հայ ֆուտբոլիստը այս տարի երեք հանդիպում է անցկացրել, իսկ մարտի 4-ին Կարագանդայի «Շախտյորի» դեմ խաղում նա գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Մեր հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» վերջին 4 պաշտոնական խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Նրա դերը մեր ընտրանու համար կարևոր է։ Հավաքականի մյուս նորեկը արտերկրից «Կրասնոդար 2»-ի կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանն է։ 18-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում անցկացրել է 15 պաշտոնական հանդիպում։ Գլխավոր զենքը նրա հասակն է։ Հարությունյանի հասակը 187 սմ է, ինչը կօգնի մեր ընտրանուն՝ երկրորդ հարկում պայքարելու համար։ 

Տարոն Ոսկանյանը «Ալաշկերտի» կազմում բավականին լավ խաղ է ցույց տալիս։ «Ալաշկերտի» վերջին 5 պաշտոնական խաղերից Ոսկանյանը խաղացել է 4-ում, իսկ «Լեռնային Արցախի» դեմ խաղում նաև գոլի հեղինակ դարձավ։ «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը վերջին 4 պաշտոնական խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ 

Էրիկ Փիլոյանը ևս առաջին անգամ է հրավիրվում հավաքական։ 22-ամյա Փիլոյանն «Ուրարտուի» կազմում այս տարի 3 հանդիպում է անցկացրել։ Պաշտպանության մեր մյուս նորեկը Երջանիկ Ղուբասարյանն է։ Նա այս տարի հիմնականում պահեստային է եղել «Նոայի» կազմում։ 22-ամյա Ղուբասարյանը նախորդ մրցաշրջանում Գերմանիայի Ռեգիոնալ լիգան ներկայացնող «Լյունեբուրգն» էր ներկայացնում։

Հավաքականի մեր մյուս պաշտպանը Դավիդ Դավիդյանն է։ Պետրակովը կազմն հայտարարելիս Դավիդյանին պաշտպանությունում նշեց, ինչը փաստում է, որ նա մեր կազմում լատերալի դեր է կատարելու։ Դավիդյանը «Փյունիկի» կազմում վերջին 4 խաղերին մեկնարկային կազմում է եղել։

Կիսապաշտպանությունում անհամեմատ ավելի հետաքրքիր է։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում վերջին 5 խաղում դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Ախմատի» դեմ խաղում վնասվածք ստացավ և փոխարինվեց, սակայն հուսանք, որ այն չի խանգարի։ 31-ամյա Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմի հիմնական խաղացողներից է, սակայն վերջին խաղում նա ընդամենը 10 րոպե անցկացրեց խաղադաշտում։ Լուկաս Սելարայանն էլ նոր մեկնարկած ՄԼՍ-ի առաջնությունում փայլուն սկիզբ է դրել։ 3 խաղում նա արդեն 2 գոլի հեղինակ է դարձել։ Թուրքիայի դեմ խաղում Սելարայանի անհատական բարձր որակները վստահաբար կօգնեն մեզ։ 

29-ամյա Տիգրան Բարսեղյանը վնասվածքից վերադառնալուց հետո սկսում է խաղային պրակտիկա հավաքել։ Նա վերջին 5 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ Էդգար Բաբայանը «Ռաններսի» կազմում ընդամենը 2 պաշտոնական հանդիպման է մասնակցել 2023 թվականին, սակայն հասցրել է 1 արդյունավետ փոխանցման հեղինակ դառնալ։ Ժիրայր Շաղոյանը «Սոֆիայի ԲԿՄԱ»-ի կազմում վերջին անգամ փետրվարի 26-ին է խաղադաշտ դուրս եկել, սակայն նրա խաղը կարևոր է մեզ համար։ Չմոռանանք նրա ֆուտբոլային բարձր հատկանիշները։ Վահան Բիչախչյանը «Պոգոնի» կազմում քիչ է խաղաժամանակ ստանում։ Նա վերջին 5 խաղում 1 գոլ է խփել, որը հաղթական է եղել «Պոգոնի» համար։ 

Հայաստանի հավաքականին առաջին անգամ միանալու է նաև Ուգուչուկվու Իվուն։ Նրա խաղը արդեն հայտնի է մեզ։ «Ուրարտուի» կազմում 23-ամյա ֆուտբոլիստը թիմի հիմնական կազմի խաղացողներից է։ Նա վերջին 5 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Այս հավաքին մասնակցելու են նաև «Արարատ-Արմենիայի» երկու ֆուտբոլիստներ Կարեն Մուրադյանն ու Արթուր Սերոբյանը։ 30-ամյա Մուրադյանը վերջին 5 խաղից 2-ում պահեստայինների նստարանին է մնացել, իսկ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։ 19-ամյա Արթուր Սերոբյանը «Արարատ-Արմենիա» վերադառնալուց հետո ևս չի կարողանում աչքի ընկնել։ Նա 3 հանդիպման է մասնակցել, 3-ն էլ սկսել է հենց մեկնարկային կազմից։ 

Հարձակման գծում Ալեքսանդր Պետրակովը 3 ֆուտբոլիստի է հրավիրել։ Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում հիմնականում փոխարինման է դուրս գալիս։ Նա 5 խաղից հետո ընդամենը 1 գոլային է փոխանցում է կատարել։ 27-ամյա Բրիասկո Բալեկյանը ևս փոխարինման է դուրս գալիս «Բոկա Խունիորսի» կազմում։ Նա 5 խաղից հետո 1 գոլ է խփել «Պլատենսեի» դեմ խաղում։ Եվ հավաքականի գլխավոր նորեկը՝ Հրանտ-Լեոն Ռանոսը։ Ռանոսը այս մրցաշրջանի 25 խաղում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ռանոսը լավ մարզավիճակում է գալիս հավաքական, և նրա հոտառությունը վստահաբար կօգնի մեզ։ 

Հայաստանի հավաքականը լուրջ հանդիպում ունի անցկացնելու առաջիկայում։ Հրավիրված ֆուտբոլիստները պետք է արդարացնեն սպասելիքները։ Սակայն, կարող ենք ասել, որ կային ֆուտբոլիստներ, ովքեր ևս կարող էին հրավիրվել հավաքական։ Արտակ Դաշյանն ու Հովհաննես Հարությունյանը ևս կարող էին օգտակար լինել։ Անհայտ է, թե ինչու հավաքական չի հրավիրվում Արթուր Գալոյանը։ 

Հուսանք, որ հրավիրված խաղացողները կկարողանան ուրախացնել հայ ֆուտբոլասերին։