Արթուր Եդիգարյան․ «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հաղթահարենք այս փորձությունը»

PROFFOOTBALL-ն այս անգամ զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի հետ։

– Պարոն Եդիգարյան, Հայաստան – Թուրքիա խաղն է մոտենում։ Ի՞նչ եք սպասում այդ խաղից։
– Կարծում եմ՝ դժվար խաղ է սպասվում մեզ, բայց քանի որ խաղում ենք տանը, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հաղթահարենք այս փորձությունը։

– Մենք այս հավաքին արտերկրից երեք նորեկ ունենք՝ Գեորգի Հարությունյանը, Նաիր Տիկնիզյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը։ Հասցրե՞լ եք որոշակի ծանոթանալ նրանց խաղին։ Առաջիկա խաղում հնարավո՞ր է տեսնել նրանց հենց մեկնարկային կազմում։
– Նորեկներին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, եթե կատարվել է սելեկցիոն աշխատանք, պետք է դրական ազդեցություն ունենա հավաքականի վրա։

– Ալեքսանդր Պետրակովի մասին ի՞նչ կասեք։
– Պետրակովի մասին լսել եմ, որ եղել է տարբեր տարիքային հավաքականներում, տեսել եմ նրա ղեկավարած Ուկրաինայի հավաքականը։ Որակապես նրա թիմը լավ խաղ ցուցադրեց, բայց այնտեղ իրականում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ, քան մեր հավաքականում։ Կարծում եմ, որ առաջիկա խաղերից շատ մեծ բան է կախված։

– Ի՞նչ խորհուրդներ կտաք մեր հավաքականի տղաներին առաջիկա խաղին։
– Մեր հավաքականին ցանկանում եմ ամենակարևորը թիմային խաղ, կամային հատկանիշներ, բնավորություն, լինեն միասնական, հավատան իրենց ուժերին և պայքարեն մինչև վերջին վայրկյանը։ Հաղթանակներ և հաջողություններ։