Արթուր Ոսկանյան․ «Նրա հեռանալը մեր ամբողջ ազգի սխալն էր»

Proffootball-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, երիտասարդական հավաքականները նախկինում մարզած և ՀՖՖ Տեխնիկական Կենտրոնի սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ։

– Պարոն Ոսկանյան, առջևում Հայաստան – Թուրքիա հանդիպումն է։ Ի՞նչ եք սպասում։
– Խստապահանջ մարզիչ ունենք։ Խաղի մասին կարող եմ ասել, որ ինչպես ես, այնպես էլ յուրաքանչյուր մեր հավաքականի երկրպագու ուզում է, որ հաղթի մեր ընտրանին։ Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում։ 

– Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական վերադառնալու մասին լուրերն ինչպես կմեկնաբանեք։
– Ես անձամբ զրուցել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Մենք բոլորով պետք է պահանջեինք, որ նա չհեռանա։ Ցավոք, մենք հանձնվեցինք ու դրա իրավունքը չունեինք։ Հենրիխ Մխիթարյանի հեռանալը մեր ամբողջ ազգի սխալն էր։ Եթե բոլորս պահանջենք նրա վերադարձը, գուցե նա վերադառնա։

– Ինչքա՞ն եք գնահատում մեր շանսերը Եվրո-2024 ուղեգիր նվաճելու հարցում։
– Դժվար խմբում ենք հայտվել։ Վստահ եմ, որ մեր տղաները պայքարելու են։ Թուրքիայի դեմ մրցավեճից կհասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Կարծում եմ, որ մեր ընտրանին պետք է տակտիկապես և տեխնիկապես լավ ֆուտբոլ խաղալ։ Մեր բոլոր մրցակիցներն էլ լավ են խաղում։ Ես դեռ Ազգերի Լիգայի ժամանակ պնդում էի, որ դիրքային գրոհներ չունենալու դեպքում մենք չենք կարող առավելություն ունենալ։ Առանց դիրքային գրոհների մենք սխալներ կարող ենք թույլ տալ, որովհետև միայն հակագրոհները բավարար չեն։ Այս մրցաշրջանում պետք է մշակենք դիրքային և արագ գրոհներ։ Իհարկե, այն միանգամից չի կարող գործել, բայց ընթացքում մենք պետք է այսպես կառուցենք հավաքականը։ Պետք է լավ պաշտպանություն կառուցել ու արրագ հակագրոհներ։

– Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան վերսկսվեց։ Ի՞նչ սպասենք գարնանային հատվածից։
– Կարող եմ ասել, որ առանձնացան 4 առաջատարներ։ Նրանք բոլորն էլ իրենց հանդիպումները հաղթել են։ Այդ թիմերը հնարավորություն՝ ունեն հաղթելու Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան։ Նրանց յուրաքանչյուր 6 միավորանոց հանդիպում է լինելու։ Վստահաբար կարող եմ ասել, որ թեժ մրցակցություն է լինելու։