«Չելսին» և «Միլանը» պատրաստում են ֆուտբոլիստների փոխանակում Լեաուի մասնակցությամբ

«Չելսին» մտադիր է «Միլանին» առաջարկել կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի ծառայությունները՝ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի դիմաց, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը վաղուց է հարձակվողի փնտրտուքների մեջ և ակնկալում է թիմն ուժեղացնել տաղանդավոր պորտուգալացու հետ։ Սպասվում է, որ լոնդոնցիներին անհրաժեշտ կլինի որոշակի գումար վճարել, քանի որ Լեաուի արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է, քան Պուլիշիչինը։

Այս մրցաշրջանում 23-ամյա պորտուգալացին «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 85 միլիոն եվրո։

24-ամյա ամերիկացին «Չելսիի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ամերիկացու արժեքը Transfermarkt-ի գնահատվում է 38 մլն եվրո։