Էնցո Ֆերնանդեսը՝ «Չելսիի» ֆուտբոլիստ

Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Էնցո Ֆերնանդեսը Լիսաբոնի «Բենֆիկայից» տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա կիսապաշտպանն անգլիական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականը։

«Չելսին» տրանսֆերի համար վճարել է 121 միլիոն եվրո, որը ֆուտբոլի պատմության 6-րդ ամենաթանկարժեք ձեռքբերումն է, իսկ անգլիական ֆուտբոլի համար ռեկորդային է:

Նախքան այս, ռեկորդը պատկանում էր անգլիացի Ջեք Գրիլիշին, որը 100 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց «Ասթոն Վիլայից» տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթի»:

Էնցո Ֆերնանդեսը 2022-ին արգենտինական «Ռիվեր Փլեյթից» էր տեղափոխվել «Բենֆիկա»։

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 29 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում: