Կրիշտիանու Ռոնալդուն ցուցմունք կտա «Յուվենտուսի» դեմ հարուցված դատական գործով

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցմունք կտա իտալական «Յուվենտուսի» դեմ հարուցված դատական գործով: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պատրաստ է պատասխանել Թուրինի դատախազության հարցերին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Փաստաթղթերից մեկի համաձայն՝ «Յուվենտուսը» Ռոնալդուին պետք է վճարի մոտ 19,5 միլիոն եվրո: Ավելի վաղ նա հրաժարվել էր ցուցմունք տալ այս գործի առնչությամբ:

Հիշեցնենք, որ թուրինյան ակումբի նախկին ղեկավարությունը մեղադրվում է հաշվապահական հնարքների միջոցով քրեական 4 հոդված խախտելու համար: Ամենալուրջ խախտումների համար նախատեսված է մինչև 8 տարի ազատազրկում: Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ակումբը գաղտնի վճարել է թիմի ֆուտբոլիստների ամբողջական աշխատավարձերը, սակայն հայտարարագրել է, թե խաղացողները ժամանակավոր հրաժարվել են գումարի մի մասից: Վերջերս «Յուվենտուսի» ղեկավարությունը հրաժարական էր տվել ամբողջ կազմով։

Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի 36-ակի չեմպիոնի գույները պաշտպանել է 2018-2021 թվականներին: