VAR համակարգի տեղադրումը Հայաստանում վերջնական փուլում է (VIDEO)

VAR համակարգի տեղադրումը Հայաստանում վերջնական փուլում է: Այս մասին ՀՖՖ TV-ի հետ զրույցում հայտարարել է VAR համակարգի պատասխանատու Սոնա Գրիգորյանը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է VAR համակարգի գործարկման համար նախապատրաստական աշխատանքները: Այս պահին մենք գտնվում ենք վերջնական փուլում: Այժմ գտնվում ենք Շենգավիթի «Ջունիոր» մարզադաշտում, որտեղ Հայաստանի առաջնության մրցավարները սպասարկում են ընկերական խաղեր և վիճելի դրվագների ժամանակ դիմում տեսակրկնապատկերների համակարգի վրա աշխատող մրցավարների օգնությանը:

VAR համակարգի կենտրոնը «Հանրապետական» ստադիոնում է: Այնտեղից կարողանում են մեծ տարածությունների վրա կապ հաղորդել: Իհարկե, մենք դեռ ունենք որոշակի խնդիրներ, բայց ամեն ինչ անում ենք, որպեսզի մոտակա մրցաշրջանը սկսենք VAR համակարգի կիրառմամբ:

Հայաստանում է գտնվում ՖԻՖԱ-ի VAR համակարգի տեխնիկական մասով պատասխանատուն: Նա եկել է, որպեսզի ստուգի մեր պատրաստությունը, հասկանա, թե ինչպես է աշխատում տեխնիկան»,- նշել է Սոնա Գրիգորյանը: