Հայաստանի ու Կատարի հավաքականները կարող են ընկերական հանդիպում անցկացնել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Կատար եռօրյա աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է նաև Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին, հայտնում է parliament.am-ը:

Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ևս ֆուտբոլն ամենատարածված և ամենադիտարժան մարզաձևն է, սակայն ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների խնդիր կա:

Հանդիպման ընթացքում Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին է փոխանցվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը՝ առաջիկայում անցկացնել Հայաստան – Կատար ազգային հավաքականների ընկերական հանդիպում և առաջարկը սիրով ընդունվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն:

Հանդիպումը կկայանա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։