Միլան Սկրինյարի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

«Ինտերի» պաշտպան Միլան Սկրինյարի գործակալ Ռոբերտո Սիստիչին ասել է, որ բանակցություններ է վարում ՊՍԺ-ի և այլ ակումբների հետ սլովակին «ներաձուրիների» հետ պայմանագրի ավարտից հետո:

«Աշնանը մենք տեղեկացանք մեր պայմանների մասին։ Դրանից հետո նոյեմբերին «Ինտերը» ներկայացրեց իր առաջարկը։ Մոտ մեկ ամիս անց՝ Սուրբ Ծնունդից առաջ, ես տեղեկացրի «Ինտերին» այս առաջարկը չընդունելու մեր որոշման մասին։

Ես հաստատեցի այս որոշումը հունվարին՝ Սուպերգավաթից առաջ, երբ ղեկավարությանը տեղեկացրի նաև, որ մենք ազատ ենք լսելու այլ ակումբների առաջարկները», – Սիստիչիի խոսքերը մեջբերում է Bild-ը։

Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Ինտերի» հետ պայմանագիրը կավարտի 2023 թվականի ամռանը, ինչը նրան կդարձնի ազատ գործակալ։ Սկրինյարը մերժել է միլանյան ակումբի վերջին առաջարկը դեկտեմբերին։