Լիոնել Մեսսին չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա», քանի որ վիրավորված է ներկայիս ղեկավարությունից

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն չունի։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ արգենտինացին դեռևս վիրավորված է «Բարսելոնայի» ներկայիս ղեկավարությունից՝ նախագահ Ժոան Լապորտայի գլխավորությամբ։

Աղբյուրի համաձայն, Մեսսին դեռ շատ է սիրում «Բարսելոնան», սակայն ղեկավարության հետ հարաբերությունները բացառում են վերադարձի հնարավորությունը։ Ֆուտբոլիստը մինչ այժմ ափսոսանքով է հիշում, թե ինչպես է ստիպված եղել հեռանալ ակումբից։

Այժմ արգենտինացին ցանկանում է մնալ ՊՍԺ-ում և երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։