Իտալական ակումբը հերքել է Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրը

«РБ Спорт»-ը հայտնել է, որ ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Հռոմի «Լացիոն», իսպանական «Վիլյառեալը» և հոլանդական ՊՍՎ-ն:

Իտալական «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն պատասխանել է Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններին։

««Լացիոն» հետաքրքրվա՞ծ է Սպերցյանով: Սա կեղծ է, մենք երբեք չենք հետաքրքրվել նրանով»,- նշել է Տարեն Sport24.ru-ի թղթակցի հետ զրույցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել նաև հոլանդական «Ֆեյենորդը»: Տեղեկություններ կային նաև գերմանական ակումբների և Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» կողմից հետաքրքրվածության մասին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: