Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար ևս մեկ ակումբ կպայքարի

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», հայտնում է Sport24.ru-ն:

«Նիդերլանդներում Սպերցյանով հետաքրքրված են միայն երկու ակումբներ՝ ՊՍՎ-ն և «Ֆեյենորդը»: Այս երկու թիմերը ֆուտբոլիստին դիտարկում են որպես պոտենցիալ տրանսֆեր ամռան համար»,- նշել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական ակումբներ ու Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը», որը հրաժարվել էր մեկնաբանել ասեկոսեները:

Սպերցյանի գործակալը վերջերս հայտնել էր, որ 22-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հունվարին տեղափոխվել «ՊՍՎ Էյնդհովեն»:

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: