Մահացել է իտալացի լեգենդար հարձակվող Ջանլուկա Վիալլին

Կյանքից հեռացավ Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ջանլուկա Վիալլին։

Իտալական «Կրեմոնեզեի», «Սամպդորիայի», «Յուվենտուսի» և անգլիական «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 58 տարեկան հասակում։ Նա 2017 թվականից պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։

Վիալլին Իտալիայի հավաքականի մարզչական շտաբում հաղթել է ԵՎՐՈ-2020-ում, իսկ որպես ֆուտբոլիստ նա Իտալիայի հավաքականի հետ դարձել է ԵՎՐՈ-88-ի և Աշխարհի 1990թ. առաջնության բրոնզե մեդալակիր:

Ջանլուկա Վիալլին լույս աշխարհ էր եկել 1964 թվականի հուլիսի 9-ին՝ Կրեմոնայում: 1980 թվականին նա առաջին պայմանագիրը կնքեց «Կրեմոնեզեի» հետ, որի կազմում 4 տարի անցկացրեց:  1984-92թթ. հանդես է եկել «Սամպդորիայում», 1992-96թթ.՝ «Յուվենտուսում», իսկ կարիերայի վերջին 3 տարիներն անցկացրել է «Չելսիում»: Ակումբային կարիերայի ընթացքում նա անցկացրել է 674 խաղ և դարձել 259 գոլի հեղինակ: 

Վիալլին երկու անգամ դարձել էր Իտալիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի գավաթը, մեկ անգամ էլ՝ Իտալիայի Սուպերգավաթը, ինչպես նաև նա Չեմպիոնների Լիգայի հաղթող է և ՈՒԵՖԱ-ի գավաթի կրկնակի գավաթակիր: Լոնդոնի «Չելսիի» հետ իտալացի ռմբարկուն նվաճել էր Անգլիայի գավաթն ու անգլիական լիգայի գավաթը:

Մարզչական կարիերայի ընթացքում «Չելսիի» հետ նվաճել էր Անգլիայի գավաթը, անգլիական լիգայի գավաթը և երկրի Սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել էր ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի և Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկություններում: