Սերգեյ Մկրտչյան․ «Փորձել եմ ամեն ինչ անել՝ այս պատվին արժանանալու համար»

Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավեր է ստացել «Ուրարտուի» սան, կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը։ 21-ամյա ֆուտբոլիստն ազգային ընտրանու հետ կնախապատրաստվի Ազգերի Լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին՝ Ուկրաինայի և Իռլանդիայի հավաքականների դեմ։

Հավաքական հրավիրվելուց հետո Մկրտչյանը պատմել է առաջին զգացողությունների մասին․

«Իհարկե, մեծ ուրախություն ապրեցի լուրը լսելով, մի փոքր անակնկալի եկա, բայց ես այս տարիների ընթացքում փորձում էի անել ամեն ինչ, որպեսզի նույնպես պատիվ ունենամ հավաքականի ֆուտբոլիստը դառնալու: Կարելի է ասել՝ կատարվեց մանկությանս երազանքներից մեկը։

Հավաքականի կազմը հայտարարվեց, երբ մարզման էինք, այնուհետև տեսա ընտանիքիս անդամներից ու հարազատներիցս բաց թողած զանգերը: Առաջին հերթին խոսեցի մայրիկիս ու եղբորս հետ, կարծես, նրանք ինձնից ուրախ էին։

Կփորձեմ մարզումների ժամանակ ինձ լավագույնս դրսևորել, որ հնարավորություն ստանամ նաև խաղադաշտում օգնելու թիմին»,- Մկրտչյանի խոսքերն է մեջբերում «Ուրարտուի» պաշտոնական կայքը: