Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է մինչև օգոստոսի 7-ը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ակումբից մինչև Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում մրցաշրջանը սկսել մի ակումբում և շարունակել մեկ այլ թիմում։ Պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը մի քանի շաբաթ է, ինչ բանակցություններ է վարում եվրոպական խոշոր ակումբների հետ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Չելսին», «Բավարիան», «Նապոլին»: Սակայն գործը դեռ կոնկրետ առաջարկներին չի հասել։

«Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը կսկսի օգոստոսի 7-ին՝ «Բրայթոնի» դեմ խաղով: Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց է թողել թիմի նախամրցաշրջանային հավաքի մեծ մասը, սակայն մասնակցել է «Ռայո Վալյեկանոյի» դեմ վերջին ընկերական հանդիպմանը (1:1):