«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ

«Ուրարտուն» հայտարարել է, որ թիմի կազմը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Ակումբը պայմանագիր է կնքել պաշտպան Եվգենի Նազարովի հետ։

25-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել չեխական «Բոհեմիանս 1905» թիմից, իսկ մինչ այդ երկար ժամանակ հանդես է եկել ռուսական «Կրասնոդարի» համակարգում։

Տեղափոխությունից հետո ռուս պաշտպանը կիսվել է իր տպավորություններով.

«Ես միայն դրական տպավորություններ ունեմ։ Ինձ շատ դուր եկավ տեղի հյուրընկալությունը, ինչը չէի ասի Չեխիայի մասին։ «Ուրարտուում» բոլորը պատրաստ են ցանկացած պահի օգնել, սա շատ հաճելի է։ Ակումբի բազան նույնպես տպավորեց ինձ, կարելի է նույնիսկ համեմատել «Կրասնոդարի» հետ, մարզումային լավ գործընթացի համար էլ հիանալի դաշտեր կան։ Ինձ շատ դուր եկավ նաև հենց մարզումների ընթացքը, կան բոլոր պայմանները զարգանալու և առաջ գնալու համար։

Թիմն արդեն մոտենում է նախապատրաստական շրջանի վերջին փուլին, մեկ շաբաթ է մնացել առաջնության առաջին խաղին։ Կարող եմ ասել, որ հարյուր տոկոսով պատրաստ եմ ու ինձ հիանալի եմ զգում։

Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին, ցանկանում եմ մեր երկրպագուներին տեսնել մարզադաշտում։ Նրանց աջակցության կարիքը մենք իսկապես կունենանք»։