Ռոբերտ Լևանդովսկի. «Այնպիսի տպավորություն է, որ ես արդեն մի քանի ամիս է՝ «Բարսայում» եմ»

«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կատալոնական ակումբում իր գտնվելու մասին։ Այսօր առավոտյան Լաս Վեգասում կայացած ընկերական խաղում կատալոնական ակումբը 1:0 հաշվով հաղթել է «Ռեալին»:

«Չնայած սա ընկերական հանդիպում էր, «Կլասիկոն» միշտ էլ մնում է «Կլասիկո», սա միշտ էլ յուրահատուկ խաղ է, և մենք շատ գոհ ենք մեր ցուցադրած խաղի որակից և ինտենսիվությունից:

Ինձ թվում է, որ ես ոչ թե մի քանի օր է, ինչ այստեղ եմ, այլ մի քանի ամիս: Ես մեծ հարգանք եմ զգում իմ թիմակիցների և անձնակազմի կողմից: Մենք միշտ մտածում ենք հաղթանակների մասին, տրամադրված ենք հաղթելու ոչ միայն խաղերում, այլև մարզումների ժամանակ։ Մենք հնարավորություն ունենք առաջ նայել և մտածել, որ սա կարող է հիանալի մրցաշրջան լինել»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Diario Sport-ը: