«Տորինոն» պատրաստ է «Ինտերի» համար նվազեցնել Գլեյսոն Բրեմերի տրանսֆերի գինը

«Տորինոյի» պաշտպան Գլեյսոն Բրեմերը 7 օրվա ընթացքում կարող է դառնալ «Ինտերի» ֆուտբոլիստ, իր կայքում գրել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում կողմերի միջև բանակցություններում նշանակալից առաջընթաց է գրանցվել։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը կարող է բրազիլացու համար պահանջած 40 միլիոն եվրո գումարը նվազեցնել՝ հասցնելով 35 միլիոն եվրոյի:

2021/22 մրցաշրջանում Բրեմերը «Տորինոյի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: