Պաշտոնական. Մաքսիմ Մայրովիչը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուս ֆուտբոլիստն առաջին անգամ Հայաստանում սկսել է հանդես գալ 2019 թվականին՝ համալրելով «Նոայի» կազմը: 2021-ի սկզբին նա տեղափոխվեց ռուսական «Ակրոն», իսկ աշնանը կրկին վերադարձավ «Նոա»:

«Նոայի» կազմում անցկացրած 69 խաղում Մայրովիչը խփել է 25 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում՝ այսպիսով դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

«Դեռ նախորդ տարի ընտրության առաջ էի՝ մնալ Ռուսաստանում, թե՞ գալ «Ուրարտու»։ Ես մնացի այնտեղ, ինչի համար հետագայում փոշմանեցի, իսկ այս տարի արդեն առաջարկն ստանալուց հետո երկար չմտածեցի ու տեղափոխվեցի։ Տղաները լավ ընդունեցին, մարզչի հետ էլ աշխատելու փորձ ունեմ, այնպես որ, հույս ունեմ՝ կօգնեմ «Ուրարտուին» դառնալ առաջատար, քանի որ կարծում եմ՝ նման ենթակառուցվածներով թիմը պետք է բարձր հորիզոնական զբաղեցնի»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը։

Հավելենք, որ Մայրովիչն «Ուրարտուում» հանդես կգա 15 համարի խաղաշապիկով։