«Ալաշկերտը» հայտարարել է կազմի փոփոխությունների մասին

«Ալաշկերտի» կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Մեր թիմի կազմում իրենց ելույթները չեն շարունակի Ժոզե Էմբալոն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսան, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Կոջո Ալֆոնսը և Նիկիտա Տանկովը։ Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում։

Փոխարենը «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են հետևյալ ֆուտբոլիստները․ կենտրոնական կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը «Ալաշկերտ» է վերադարձել Մալթայի «Ֆլորիանա» ակումբից, որի կազմում նա անցկացրել է ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը։ Բրազիլացի փլեյմեյքեր Տիագո Գալվաոն «Ալաշկերտ» է վերադարձել «Փյունիկից»։ Հենակետային կիսապաշտպան Սարգիս Շահինյանը մեր թիմ է վերադարձել «Նոայից»։ Գանացի պաշտպան Աննա Մենսահի նախորդ ակումբը «Ուրարտուն» էր։ Հարձակվող Սարգիս Մեթոյանն «Ալաշկերտ» է տեղափոխվել ռումինական «Չիկշերեդա» ակումբից։ Կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը հարազատ թիմ է վերադարձել Չարենցավանի «Վանից»։

Վնասվածքից ապաքինվել է և մարզումները վերսկսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Այս օրերին Հանքավանում հավաք անցկացնող «Ալաշկերտին» առաջիկայում կմիանան ևս երեք նորեկներ»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ: