«Պորտուի» կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրան տեղափոխվում է «Արսենալ», ասվում է պորտուգալական ակումբի հայտարարության մեջ։
Գործարքի արժեքը կազմում է 40 միլիոն եվրո, որից 5 միլիոն եվրոն կախված կլինի «զինագործների» կազմում պորտուգալացու նվաճումներից։ «Պորտուի» հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կողմերի վերջնական համաձայնությունը կձևակերպվի առաջիկա օրերին:
«Արսենալի» հետ Վիեյրայի պայմանագրի ժամկետը դեռևս հայտնի չէ, սակայն ԶԼՄ-ները հաղորդում են, որ կիսապաշտպանի համաձայնագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է լինելու 5 տարով:
22-ամյա ֆուտբոլիստը «Պորտուի» սան է, որի հիմնական կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։