ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, ով մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Վարչապետը կարևորել է ՈւԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Երևանում և մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերի կարևորությունը, որոնք նպաստում են ֆուտբոլի և սպորտի մասսայականացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է ֆուտբոլի դերը, որն ունի ոչ միայն սոցիալական, այլև կրթական ու հոգեբանական կարևոր ասպեկտներ:

Ալեքսանդր Չեֆերինը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՖՖ 30-ամյակի կապակցությամբ և հավելել, որ ՈւԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը: Ծրագրերն ուղղված են լինելու նոր մարզադաշտերի, ենթակառուցվածքների հիմնմանը, իսկ աջակցության ծավալները շարունակական կընդլայնվեն: