Կիլիան Մբապպեն՝ «Ռեալի» երկրպագուների քննադատության մասին. «Հուսով եմ՝ Մադրիդում ինձ կհասկանան»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է «Ռեալի» երկրպագուներին քննադատությանը, ովքեր դժգոն են մնացել, որ 23-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբին միանալու փոխարեն նոր պայմանագիր է կնքել ֆրանսիական գրանդի հետ։

«Ես ընդունում եմ մադրիդցիների քննադատությունները և հուսով եմ, որ նրանք ինձ կհասկանան։ Արդյոք այլևս չկա՞ «Ռեալում» խաղալու երազանքը: Երբե՛ք: Դու չգիտես, թե ինչ կլինի ապագայում: Սակայն հիմա ես կենտրոնացած եմ ներկայի վրա և ցանկանում եմ շարունակել իմ ճանապարհը ՊՍԺ-ում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն։ Ավելին, ենթադրվում էր, որ կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։Սակայն մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ հարձակվողը ՊՍԺ-ի հետ նոր համաձայնագիր է կնքել՝ նախատեսված մինչև 2025 թվականի ամառ։