Թոմաս Տուխել. ««Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլն» ԱՊԼ-ի պատմության լավագույն թիմերն են»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բարձր է գնահատել իր թիմի առաջընթացը՝ այն համեմատելով Պրեմիեր Լիգայի 2 առաջատար թիմերի՝ «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» խաղի հետ։

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք 3-րդ տեղը զբաղեցնել առաջնությունում, և դա «Չելսիի» առաջընթացն է։

Մենք մշտապես եղել ենք աշխարհի ամենադժվար լիգայի լավագույն եռյակում, այժմ մրցում ենք լավագույն թիմերի հետ, որոնք երբևէ խաղացել են այս առաջնությունում՝ «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի»:

«Սիթին» և «Լիվերպուլն» արդեն բարելավում են իրենց կազմերը և խաղի բոլոր ասպեկտներում մեկը մյուսի հետևից նշաձողեր են սահմանում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

ԱՊԼ-ի ավարտին մնացել է 1 տուր. «Չելսին» 70 միավորով (1 հանդիպում պակաս է անցկացրել) 3-րդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» 1-ինն է՝ 90 միավորով, իսկ «Լիվերպուլը» 89 միավորով 2-րդ հորիզոնականում է։