«Այնտրախտն» իր պատմության ընթացքում առաջին անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայում

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին, կայացավ Եվրոպա Լիգայի «Այնտրախտ» – «Ռեյնջերս» եզրափակիչ խաղը։ Հանդիպումն ավարտվեց 11-մետրանոց հարվածաշարում գերմանական ակումբի հաղթանակով՝ 5:4 հաշվով։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

Այս հաղթանակի շնորհիվ «Այնտրախտը» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեց։ Հարկ է նշել, որ Ֆրանկֆուրտի թիմն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ 34 խաղում վաստակելով 42 միավոր։

Այսպիսով, «Այնտրախտն» իր պատմության ընթացքում առաջին անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայում։ Եվրոպական չեմպիոնների գավաթում գերմանական ակումբը 1959/60 մրցաշրջանում հասել էր եզրափակիչ, որում պարտվել էր Մադրիդի «Ռեալին» (3:7)։

Հաջորդ մրցաշրջանում Գերմանիան մրցաշարում կներկայացնեն նաև «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Բայերը» և «Լայպցիգը»: