«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան քննադատել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո։
««Մանչեսթեր Սիթիին» պետք են առաջատարներ, իսկ Գվարդիոլային նրանք պետք չեն: Նրան անհատականություն պետք չէ։ Նա ցանկանում է լինել միանձնյա առաջատարը: Նրանք խաղադաշտում չունեն մեկ ֆուտբոլիստ, ով կկարողանար լուծել խնդիրները։
Գվարդիոլան է ստեղծում այդպիսի թիմեր, նա չի կարող աշխատել վառ անհատականությունների հետ։ «Բարսելոնայում» ևս այդպես էր, նա իր թիմերն այնպես է կառուցում, որ վերահսկի բոլորին։ Երբ ինչ-որ բան այնպես չէ, նա միակն է, ով որոշում է կայացնում։
«Սիթին» սխալվեց, դա ճիշտ է։ Նրանք ինձ հիշեցնում են ՊՍԺ-ն: Դրանք փողի վրա հիմնված ակումբներ են։ «Ռեալը» նույնպես փող ունի, բայց միևնույն ժամանակ ակումբը պատմություն ունի։ «Մանչեսթեր Սիթին» միայն փող ունի, իսկ ֆուտբոլիստներն այնտեղ գնում են միայն հանուն գումարի։ Իհարկե, նրանք տիտղոսներ են նվաճում, բայց ֆուտբոլիստն ընտրում է «Սիթին» միայն այն պատճառով, որ այնտեղ ավելին են առաջարկում»,- Էվրայի խոսքերն է մեջբերում Marca-ն: