Յուրգեն Կլոպ. «Դիասը 10 րոպե փորձում էր պատմել «Բենֆիկայի» գաղտնիքների մասին, բայց ոչինչ չհասկացա»

Ապրիլի 5-ին Լիսաբոնում կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Բենֆիկա» – «Լիվերպուլ» դիմակայության առաջին հանդիպումը։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Խաղից առաջ լրագրողները «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին հարցրել են՝ արդյոք նա թիմի վինգեր Լուիս Դիասին խնդրել է պատմել մրցակցի խաղում ինչ-որ նրբությունների մասին։ Կոլումբիացի ֆուտբոլիստը «Լիվերպուլին» է միացել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ «Պորտուից», որտեղ հաճախ խաղացել է «Բենֆիկայի» դեմ:

Կլոպի խոսքով՝ ինքը հաճույքով կընդուներ Դիասի խորհուրդները, սակայն հարձակվողի անգլերենի իմացության մակարդակը թույլ չի տալիս նրան շփվել թիմակիցների և մարզչական շտաբի հետ։

«Նա 10 րոպե փորձում էր մեզ ինչ-որ բան բացատրել, բայց ես ոչ մի բառ չհասկացա»,- ասել է գերմանացի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ։