Հարի Մագուայրն արձագանքել է Ռոնալդուի հետ կոնֆլիկտ ունենալու մասին լուրերին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը հերքել է թիմի ավագի թևկապը կրելու պատճառով Կրիշտիանու Ռոնալդուի հետ հնարավոր կոնֆլիկտի մասին լուրերը:

Ավելի վաղ Mirror-ը հայտնել էր, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ցանկանում է լինել «կարմիր սատանաների» ավագը, քանի որ Մագուայրը չի կարողանում կատարել թիմի առաջատարի պարտականությունները և հաղթահարել ճնշումը։ Mirror-ը պնդում էր, որ այդ պատճառով երկու ֆուտբոլիստները կոնֆլիկտ են ունեցել։

«Ես շատ կեղծ լուրեր եմ տեսել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, և սա դրանցից մեկն է:

Այն ամենը, ինչ գրված է այնտեղ, չեմ մեկնաբանի, բայց դա անհրաժեշտ էր պարզաբանել։ Մենք միասնական ենք և կենտրոնացած ենք կիրակնօրյա խաղի վրա («Լիդսի» դեմ)»,- գրել է Մագուայրը թվիթերի միկրոբլոգում: