Մեյսոն Գրինվուդը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով ձերբակալվել էր բռնաբարության կասկածանքով, գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ Մեծ Մանչեսթերի ոստիկանությունն այսօր՝ փետրվարի 2-ին, ազատ է արձակել 20-ամյա խաղացողին։

Հունվարի 30-ին մոդել Հարիետ Ռոբսոնը, ով անգլիացի ֆուտբոլիստի ընկերուհին է, իր Instagram-ում ցույց է տվել կոտրված շրթունքով և մարմնի վրա կապտուկներով լուսանկարներ։ Նրա խոսքով՝ Գրինվուդն իրեն բռնության է ենթարկել։ «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվողին հեռացրել է թիմից, իսկ հետո ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա խաղացողին բռնաբարության և հարձակման կասկածանքով։

Ընթացիկ մրցաշրջանում Գրինվուդը «Յունայթեդի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։