Ուեյն Ռունին հրաժարվել է բանակցություններ վարել իր նախկին ակումբի հետ

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին հաստատել է, որ կարող էր գլխավորել «Էվերթոնը»:

««Էվերթոնը» կապ էր հաստատել իմ գործակալի հետ և ցանկացավ հարցազրույց անցկացնել: Սակայն ես հրաժարվեցի։ Ես հավատում եմ, որ մի օր Պրեմիեր Լիգայի ակումբ կգլխավորեմ: Սակայն հիմա ես պետք է ավարտեմ աշխատանքս «Դերբիում»: Դա կարևոր է ինձ համար»,- Ռունիին է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը:

Ռունին, ով«Էվերթոնում» խաղացել է իր կարիերայի սկզբում, ինչպես նաև 2017-2018 թվականներին, ներկայումս գլխավորում է Չեմփիոնշիփի «Դերբի Քաունթի» ակումբը:

Հիշեցնենք, որ վերջերս Ռաֆայել Բենիտեսը հեռացվել էր «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից: