Էդգար Թորոսյան. «Մեծ սիրով և պատասխանատվությամբ եմ գլխավորել «Արարատը»»

«Արարատի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հարցազրույց է տվել երևանյան ակումբի մամուլի ծառայությանը:

– Ինչպիսի՞ զգացողություններ ունեք «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
– Ես արդեն մի քանի տարի է՝ աշխատում եմ «Արարատի» համակարգում և ինձ համար շատ հարազատ է այս ակումբը: Գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու առաջարկն ընդունել եմ շատ մեծ սիրով և պատասխանատվությամբ: Կփորձեմ ամենօրյա աշխատանքով հնարավորինս օգտակար լինել թիմին: Վարդան Բիչախչյանը շատ բարձր նշաձող է սահմանել և պետք է փորձենք պահպանել այն և ուրախացնենք ակումբի երկրպագուներին նոր հաղթանակներով:

– Ինչպիսի՞ տրամադրվածությամբ է թիմը պատրաստվում մրցաշրջանի երկրորդ հատվածին:
– Թիմի կազմի 90 տոկոսը պահպանվել է, լավ տրամադրությամբ սկսել ենք մարզումները: Տղաները լավ աշխատում են և ստուգողական հանդիպումների միջոցով պատրաստվում ենք մրցաշրջանի երկրորդ հատվածին:

– Ի՞նչ խնդիրներ է թիմը փորձելու լուծել գարնանային հատվածում:
– Առաջնությունում թիմը 3-րդ տեղում է, իսկ գավաթի խաղարկությունում հասել է կիսաեզրափակիչ: Կփորձենք երկու ճակատով էլ հաջողությունների հասնել: Թիմը մոտիվացված և տրամադրված է մոտենում երկու մրցաշարերին էլ:

– Ի՞նչ կասեք մարզչական շտաբի վերաբերյալ:
– Մարզչական շտաբում են Ալեքսանդր Պետրոսյանն ու Ռաֆայել Սաֆարյանը, ովքեր խաղացել են «Արարատի» կազմում և որպես մարզիչ աշխատում էին ակումբի համակարգում: Դարպասապահների մարզիչ Էդիկ Երիցյանը նույնպես «Արարատում» աշխատելու փորձ ունի: Բոլորն էլ ակումբի իրական նվիրյալներ են և լավ տրամադրվածությամբ միացել են աշխատանքին: Առաջիկայում մարզչական շտաբը կհամալրվի ևս մեկ մասնագետով:

– Ի՞նչ կարող եք ասել ակումբի երկրպագուներին:
– Մենք այժմ շատ ունենք երկրպագուների աջակցության կարիքը: Նրանց կցանկանայի խնդրել, որ լցվեն համբերությամբ ու հավատով և լինեն թիմի կողքին: