Պաշտոնական. Լեգենդար բրազիլացի հարձակվող Լուիս Ֆաբիանոն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Լուիս Ֆաբիանոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Ժամանակը եկել է. Վերջին չորս տարվա ընթացքում ես շատ եմ պայքարել, որպեսզի նորից անեմ այն, ինչ սիրում եմ:

Երկարատև բուժում, մարզումներ, երկու վիրահատություն, բայց դեռ չեմ հաղթել այս ճակատամարտում»,- Ֆաբիանոյի խոսքն է մեջբերում Globo-ն:

41-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է «Վասկո դա Գաման», որտեղից նա հեռացել է 2017 թվականին։ Մինչև այդ բրազիլացին հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սևիլյան», «Պորտուն», «Ռենը», «Սան Պաուլուն» և «Տյանցզինը»։

Բրազիլիայի հավաքականի կազմում Ֆաբիանոն դարձել է Ամերիկայի գավաթի և Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող, «Սևիլյայի» հետ նա երկու անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը։