Չեմպիոնների Լիգայի 2015/16 եզրափակչի մրցավարի սենսացիոն հայտարարությունը

Նախկին մրցավար Մարկ Կլատտենբորգը վերհիշել է 2016 թվականի Չեմպիոնների Լիգայի «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ խաղը, որն ինքն է սպասարկել.

«Բոլորն ինձ հարցնում են 2016 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի հայտնի դրվագի մասին: Երբ Պեպեն գալարվում էր խոտածածկին, իմ գլխում այդ պահին մի միտք էր պտտվում. «Միթե՞այդ տարիքի տղան այդքան զգայուն կարող է լինել»: Այդ խաղին նա երկու անգամ նույն բանն արեց՝ փորձելով կարմիր քարտ վաստակել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստի համար: Մեկ այլ մրցավար գուցե այդ խայծը կուլ կտար, բայց ես Պեպեի բնավորությանը լավ ծանոթ էի: Նա այն ֆուտբոլիստներից է, ում չի կարելի հավատալ:

Այդ խաղին «Ռեալն» առաջին խաղակեսին առաջ անցավ հաշվի մեջ: Բայց գոլը խաղից դուրս վիճակից էր խփվել: Մենք դա ընդմիջմանը հասկացանք: Իմ օգնականն էր այն բաց թողել:

Երկրորդ խաղակեսի սկզբին ես «Ռեալի» դարպասին 11 մետրանոց նշանակեցի, երբ Պեպեն կոպիտ խաղաց Ֆերնանդո Տորրեսի նկատմամբ: Պորտուգալացին գազազած մոտեցավ ինձ և իդեալական անգլերենով ինձ ասաց. «Դա ոչ մի դեպքում 11 մետրանոց չէր, Մա´րկ»: Ես էլ պատասխանեցի. «Իսկ ձեր առաջին գոլն էլ գոլ չէր»: Դա միանգամից փակեց նրա բերանը: Ես գիտեի, որ հենց այդ արտահայտությունս նրան կլռեցնի ու կստիպի հարմարվել որոշմանս հետ:

Ոչ մի մրցավարի էլ հեշտ չի եղել Պեպեի հետ: Ամեն վայրկյան պետք է նրա հետ զգոն լինեիր», – ասել է Կլատտենբորգը: