ՌՖՄ-ն աջակցություն է հայտնել ՈւԵՖԱ-ին՝ ընդդեմ ՖԻՖԱ-ի գաղափարի

ՌՖՄ-ի ղեկավարությունն աջակցում է ՈՒԵՖԱ-ին, այդ թվում՝ չհամաձայնելով Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարին, հայտնում է RBC Sport-ը՝ վկայակոչելով ՌՖՄ-ի աղբյուրին և ՌՊԼ-ի ակումբների երկու զրուցակիցներին։

«ՌՖՄ-ն գնահատում է ՖԻՖԱ-ի հետ հարաբերությունները, բայց աջակցում է ՈՒԵՖԱ-ին Աշխարհի առաջնությունը բարեփոխելու հարցում»,- ասել է ՌՖՄ-ի աղբյուրը՝ նշելով, որ կազմակերպությունը խորհրդակցում է ՌՊԼ-ի  ակումբների հետ որոշում կայացնելու համար։

«Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հաստատել է ակումբների հետ ՌՖՄ-ի խորհրդակցությունների մասին տեղեկությունը։ «Մենք միասնական դիրքորոշում ենք մշակում ՌՖՄ-ում։ ՌՊԼ-ի ու ՌՖՄ-ի շրջանակում, իսկ հետո մենք այդ մասին կհայտարարենք։ Հանրային քննարկումն այստեղ տեղին չէ»,- ասել է նա՝ հրաժարվելով բարձրաձայնել իր դիրքորոշումը։

ՌՊԼ-ի ակումբների ղեկավարությունից երկու զրուցակից ավելացրել են, որ ՌՖՄ-ն իրենց հետ խորհրդակցել է Աշխարհի առաջնության վերաբերյալ։ «Մեր ակումբներից շատերը նույնպես իմաստ չեն տեսնում երկու տարին մեկ Աշխարհի առաջնությունն անցկացնելու մեջ»,- ասել է աղբյուրներից մեկը։

Հիշեցնենք, որ 2 տարին մեկ Աշխարհի առաջնության նախաձեռնողը ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն է, ով ցանկանում է բարձրացնել մրցաշարի և կազմակերպության շահութաբերությունը։ ՈւԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը դեմ են արտահայտվել այս գաղափարին: