Մադրիդի «Ռեալը» վերջնականապես ավարտել է արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա հարձակողական կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերի գործարքը։ Այս մասին հաղորդում է հայտնի լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան:
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի ընդհանուր գումարը կկազմի 45 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի և իսպանական գրանդի միջև պայմանագիրը ամբողջությամբ համաձայնեցվել է և ուժի մեջ կլինի մինչև 2031 թվականը։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնում էին, որ Մաստանտուոնոն համաձայնության է եկել «Պարի Սեն Ժերմենի» հետ և պետք է միանար ֆրանսիական ակումբին 2026 թվականին։ Սակայն վերջին զարգացումներով պարզ է դարձել, որ Մաստանտուոնոն կդառնա «Ռեալի» խաղացող։
Ֆուտբոլիստը «Ռիվեր Փլեյթի» ակադեմիայում է 2019 թվականից, իսկ հիմնական թիմի կազմում հանդես է գալիս 2024 թվականի սկզբից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 61 հանդիպման, խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ներկայում նրա պայմանագիրը «Ռիվեր Փլեյթի» հետ գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Մաստանտուոնոյի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։