Ռաֆայել Ղազարյան․ «Պետությունը պետք է աջակցի ակումբներին»

Այս անգամ PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, Հայաստանի գավաթի և սուպերգավաթի հաղթող Ռաֆայել Ղազարյանի հետ, ով վերջերս հայտարարել է մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացների մասնակցելու մասին։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Ղազարյանը ֆուտբոլիստի կարիերայի մեծ մասը անցկացրել է Երևանի «Միկայում», որի կազմում 2011 թվականին նվաճել է Հայաստանի գավաթը, 2012/13 մրցաշրջանում՝ Սուպերգավաթը, 2012/13 մրցաշրջանում՝ նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալները։

 

-Ռաֆայել, կխոսե՞ք ֆուտբոլում ձեր առաջին քայլերի մասին։

-Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից։ «Բանանցի» մարզադպրոց եմ հաճախել և իմ ամբողջ մանկապատանեկան կարիերան անցկացրել եմ հենց «Բանանցում»։ Այնտեղից 2009 թվականին տեղափոխվել եմ «Միկա» ու ելույթներս շարունակել եմ «Միկայի» կազմում։

-Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների մասին։

-Հայաստանի հավաքականի վերջին խաղերից շատ հակասական կարծիքներ ունեմ, կարող ենք հաղթել շատ ուժեղ հավաքականների, բայց միևնույն ժամանակ պարտվել կարգով շատ թույլ հավաքականների։

-Հայաստանի հավաքականի ներկայիս կազմից, ո՞ր ֆուտբոլիստի խաղն է ավելի շատ տպավորում ձեզ:

-Ներկայիս կազմից ինձ ամենաշատը տպավորում է Նաիր Թիկնիզյանը։ Նա ունի բոլոր տվյալները եվրոպական բարձրակարգ առաջնություններում խաղալու համար։

-Ռաֆայել, որոշել եք մարզչական դասընթացների մասնակցել, ի՞նչը ձեզ ստիպեց նման որոշում կայացնել։

-Ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո երկու տարի անց որոշեցի արդեն որպես մարզիչ վերադառնալ ֆուտբոլ։ Մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացների պետք է մասնակցեմ փետրվար-մարտ ամիսներին։ Ինձ դուր է գալիս այս ամենը և կցանկանամ որպես մարզիչ աշխատել ֆուտբոլում։

Нет описания фото.

-Ի՞նչ լուծումներ եք տեսնում Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար։

-Իհարկե ամենակարևոր բաներից մեկը, որ պետությունը աջակցի ակումբներին, դա ընդունված պրակտիկա է նոր ֆուտբոլային զարգացող երկրների համար։ Ակումբները կարող են ստանալ լրացուցիչ գումարներ պետության կողմից, որոնք կուղղվեն արդեն մանկապատանեկան ֆուտբոլի վրա, ավելի մեծ ուշադրություն դարձնեն ակումբները իրենց մանկապատանեկան թիմերին, ավելի շատ մրցաշարերի ուղարկեն, որ մեր պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստները դառնան ավելի մրցակցային, ավելի ուժեղ, ավելի լավ մասնագետներ կարողանան ներգրավել ֆուտբոլի մեջ, որ օրինակ ֆուտբոլ խաղացած ֆուտբոլիստները կարիերան ավարտելուց հետո ուրիշ աշխատանքի չանցնեն, այլ մնան ֆուտբոլում։ Այսօրվա ֆուտբոլում հաջողության են հասնում այն թիմերը, որոնք ավելի մեծ գումարներ են ծախսում ու շատ մեծ ուշադրություն են դարձնում իրենց մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։

-Օրեր առաջ կայացավ ԱԱ-2026-ի որակավորման փուլի վիճակահանությունը, ի՞նչ կասեք դրա մասին:

-Կարծում եմ միջին կարգի խմբում ենք հայտնվել, որտեղ հնարավոր է պայքարել։ Ինչպես նշեցի ամեն Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունից առաջ մեր սպասումները միշտ դրական են լինում, դրական սպասումներ ենք ունենում։ Խնդիրները շատ խորքային են ու որոշակի ֆունդամենտ դնելու համար մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ֆուտբոլում մեծ ֆինանսները, հայ ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալը ամենակարևորն են։ Հիմա կարծում եմ՝ մեզ պետք է բախտը ժպտա հաջողության հասնելու համար։

-Հետևու՞մ եք Հայաստանի Պրեմիեր Լիգային, ո՞ր թիմերն են ձեզ տպավորում այս մրցաշրջանում։

-Իհարկե հետևում եմ Հայաստանի առաջնության գրեթե բոլոր խաղերին։ Կարող եմ առանձնացնել «Փյունիկին» և «Նոային»։ «Փյունիկը» բնավորությամբ շատ ամուր թիմ է, իսկ «Նոան» անցած ամառ շատ որակյալ ֆուտբոլիստներ գնեց և նրանք հրաշալի ֆուտբոլ են ցուցադրում։ Ինձ նաև դուր է գալիս ԲԿՄԱ-ի խաղը, նրանք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն և ապագայում կարող են փայլուն ֆուտբոլ ցուցադրել Հայաստանի հավաքականում։