PROFFOOTBALL-ը զրուցել է «Ալաշկերտի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանի հետ։
Հիշեցնենք, որ Գարեգինյանը «Փյունիկի» սան է, նա հանդես է եկել նաև «Արարատում» և «Նոայում»։
– Յուրի ջան, ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է ֆուտբոլիստ դառնաք։
– Ծնողներս պատմում են, որ մանկուց շատ եմ սիրել գնդակով խաղալ, հեռուստացույցով միշտ ֆուտբոլ եմ դիտել։ Ես ինքս շատ եմ խնդրել ծնողներիս, որ ինձ տանեն ֆուտբոլի։ Հայրիկիս ընկերները նույնպես ինձ շատ են ասել այդ մասին։
– Խոսենք ընթացիկ մրցաշրջանի մասին։ «Ալաշկերտը» այս պահին մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, ի՞նչ կասեք այդ մասին։
– Ընթացիկ մրցաշրջանը մեզ համար այդքան էլ լավ չի դասավորվում։ Սկզբում լավ էինք սկսել մրցաշրջանը, բայց հետո անկում նկատվեց թիմի խաղում։ Կորցրած միավորներից հետո մենք դեռ շանս ունենք՝ եվրագավաթային գոտում հայտնվելու համար, ուղակի դա արդեն միայն մեզնից կախված չէ։
– Դուք «Փյունիկի» սան եք, կցանկանա՞ք մի օր վերադառնալ այնտեղ։
– «Փյունիկը» շատ հարազատ ակումբ է ինձ համար, ես այնտեղ դարձել եմ Հայաստանի չեմպիոն։ Որոշում կայացրի փոխել ակումբային գրանցումս, քանի որ փոփոխություն էի ուզում իմ կարիերայում։ Հիմա չեմ կարող ասել, թե ապագայում ինչ կլինի։
– Ըստ ձեզ՝ ո՞վ է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
– Իհարկե շատ դժվար հարց է, կարող եմ երկու տարբերակ նշել՝ Հենրիխ Մխիթարյան և Արկադի Անդրեասյան։
– Հետևում ե՞ք եվրոպական մրցաշարերին, կնշե՞ք Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի ֆավորիտներին։
– Կարծում եմ՝ Չեմպիոնների Լիգայում ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է, իսկ Եվրոպա Լիգայում՝ Լևերկուզենի «Բայերը»։