«Մալագայի» ֆուտբոլիստը իր մարզաշապիկի համար երկրպագուից գումար է վերցրել:
Իսպանիայի երրորդ դիվիզիոնի 32-րդ տուրում « Մալագան» հյուրընկալվելիս հաղթեց «Ատլետիկո Բ»-ին:
Եզրափակիչ սուլիչից հետո մարզադաշտին մոտեցավ հյուրերի կիսապաշտպան Դանի Լորենցոն՝ շնորհակալություն հայտնելու երկրպագուներին աջակցության համար և լուսանկարվելու նրանց հետ։ Երկրպագուներից մեկը նրանից մարզաշապիկ է խնդրել ու տվել 50 եվրո։
Լորենցոն բացատրել է, թե ինչու է վերցրել երկրպագուի գումարը. «Ամեն ինչ շատ արագ եղավ։ Որպեսզի մարդիկ հասկանան՝ մենք խաղում ենք երրորդ դիվիզիոնում, ես միլիոնատեր չեմ, բայց կցանկանայի դառնալ։
Մենք ունենք սահմանափակ թվով շապիկներ, որոնք կարող ենք նվիրել, և ես արդեն գերազանցել եմ սահմանաչափը: Այսուհետ ակումբը մեզանից գումար է գանձում։ Ես դա ասացի այն մարդուն, ով տրիբունաներում էր, և նա ինձ 50 եվրո տվեց։
Նա ինձ այնքան զարմացրեց՝ առաջարկելով ինձ այս գումարը, որ ես ամենաբնական ձևով արձագանքեցի՝ վերցրի, բայց հիմա կարծում եմ, որ չպետք է վերցնեի։ Ես դա չարեցի եսասիրական նկատառումներից ելնելով, և հուսով եմ, որ մարդիկ դա կհասկանան»,- ասել է ֆուտբոլիստը։