«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ԱՊԼ-ի 33-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում (6։0) 11 մետրանոց հարվածի հետ կապված միջադեպից հետո քննադատել է թիմի ֆուտբոլիստներին։
Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները 11 մետրանոցի իրավունք են ստացել։ Այն վերցրեց թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերը, սակայն մինչ այդ Նոնի Մադուեկեն ու Նիկոլաս Ջեքսոնը փորձեցին խլել գնդակը նրանից։
«11 մետրանոցները Քոուլ Պալմերը պետք է իրացնի։ Սա այլևս չի կրկնվի, մենք չենք կարող նորից երեխաների պես վարվել։ Ամոթ է։ Ես խաղացողներին ասացի, որ վերջին անգամն է, որ կընդունեմ նման պահվածքը։ Սա կատակ չէ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պալմերը պոկերի հեղինակ է դարձել «Էվերթոնի» դեմ խաղում և Պրեմիեր լիգայի ռմբարկուների մրցավազքում հասավ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Չելսին» վաստակել է 47 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է։ «Էվերթոնը» 27 միավորով 16-րդ տեղում է։